+374 91 22 30 22

IHG, Crowne Plaza Yerevan

Before After
Ճարտարապետական վերակառուցումը մի յուրահատուկ գործընթաց է, որը հիմնվում է արվեստի, պատմության ճարտարապետության և ինժեներական գիտելիքների վրա։

Այն ոչ միայն նոր կյանք է հաղորդում հին ու մոռացված կառույցներին, այլև հնարավորություն է տալիս պահպանելու և վերականգնելու մեր մշակութային ժառանգությունը։

Երեվան քաղաքի սրտում՝ Մաշտոցի 52 հասցեում, որտեղ պատմությունը հանդիպում է ժամանակակից աշխարհին, կանգնած է նշանավոր ճարտարապետ Զավեն Բախշինյանի հեղինակած և Արա Վարդանյանի գլխավորությամբ վերակառուցված հրաշալի մի հյուրանոց, որն իր հին ու նոր ներդաշնակությամբ զարդարում է շրջակայքը։ Այս շքեղ հյուրանոցը նախկինում եղել է ԵՊՀ-ի հյուրատունը, որի պատմությունը սկիզբ է առնում 1932 թվականից։

2017 թվականի աշնանից սկսված Վերակառուցման շնորհիվ այն վերածվել է հյուրանոցային արվեստի նմուշի՝ պահպանելով իր պատմական հմայքը և ներառելով ժամանակակից հարմարությունները։
Ճարտարապետական թիմի կողմից հանվել են արխիվային բոլոր հնարավոր գծագրերն ու փաստաթղթերը, հատուկ մասնագետների կողմից ուսումնասիրվել է նախկինում հաշվարկված կոնստրուկտորական լուծումներն ու սեյսմակայունությունը, տրվել է հետագա ամբողջական ուժեղացման ու կայունացման բոլոր անհրաժեշտ միջոցառումների ցանկը։

Վերակառուցումը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն և մեծ նվիրվածություն։ Անհրաժեշտ է խորը ուսումնասիրել շենքի պատմական և ճարտարապետական արժեքները, որպեսզի հնարավոր լինի վերականգնման ենթակա դետալները վերականգնել հենց այնպես, ինչպես եղել է ի սկզբանե, իսկ նոր միջամտություններ անելիս հաշվի նստել գոյություն ունեցող ոճի հետ ու պահպանել ոճային ներդաշնակությունը։ Սակայն սա միայն սկիզբն է. հաջորդ քայլը պահանջում է ժամանակակից տեխնոլոգիաների և նյութերի կիրառություն՝ ապահովելու շենքի կայունությունը և երկարակեցությունը։

Հյուրանոցում պահպանվել է կենտրոնական սյունաշարով ընդգծված հորինվածքը, իսկ բոլոր նորարարական միջամտություններն արվել են դրա շուրջ, քայքայված բետոնե քիվերը վերաշարվել են քարե կրկնօրինակ դետալներով, որոնք ապահովել են քիվի անքակտելի հորինվածքն ու հետագա երկարակեցությունը։ Ճակատներում գոյություն ունեցող վառ արտահայտված սպիտակ սվաղը , փոխարինվել է բացառիկ արտահայտչականություն ունեցող Արցախի Սզնեկի հանքավայրի ճերմակ մարմարեցված կրաքարով, որը էլ ավելի ընդգծել է ճակատների փայլնը վեհաշուք տեսք հաղորդելով դրանց։

Հնում նախատեսված փայտյա գոտիավոր ծածկերը արդեն մի անգամ փոփոխված են եղել մետաղական գոտիներից ու բետոնից պատրաստված ծածկով, իսկ այժմ շենքն ամբողջապես իրականացված է երկաթ-բետոնե բարձր ամրությամբ ու սեյսմակայունությամբ օժտված կոնստրուկցիաներով։
Հյուրանոցի վերակառուցումը նաև մեծ նշանակություն ունի համայնքի համար։ Այն դարձել է մշակութային կենտրոն, որտեղ անցկացվում են տարբեր միջոցառումներ, ցուցահանդեսներ և համերգներ։ Այս վայրն այժմ ոչ միայն զբոսաշրջիկների, այլև տեղացիների սիրելի վայրն է, որտեղ նրանք կարող են վայելել իրենց ժամանակը և ներշնչվել հին ու նորի այս կատարյալ համադրությամբ։

Հյուրանոցի վերակառուցման գործընթացը մանրակրկիտ և նվիրված աշխատանքի արդյունք է, որը ղեկավարում էր փորձառու ճարտարապետների և ինժեներների մի մեծ թիմ։ Նրանք աշխատել են անհավատալի նրբանկատությամբ՝ վերականգնելով յուրաքանչյուր հնարավոր մանրուք և միջամտել են հնարավորինս համահունչ մոտեցումներով։ Արդյունքում ստացվել է մի կառույց, որը միավորում է անցյալի պատմությունն ու ներկայի հարմարավետությունը։

Share:
Facebook
Twitter
LinkedIn
Pinterest
WhatsApp
Telegram